Սարի Թաղի գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Զեյթունյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ Էդուարդ Զեյթունյանը կալանավորվել է թմրանյութերի հետ կապված քրեական գործով, եւ ինքն այդ գործով պաշտպան չի հանդիսանում:
Նշենք, որ Զեյթունյանը կալանքից ազատ էր արձակվել հունիսի 8-ին. նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:
Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանը եւ Էդուարդ Զեյթունյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավումից հետո, մասնավորապես՝ հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր եւ գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհն էլ փակ է եղել (տարածքը գրավված էր «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից), ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց բողոքելու. նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:




























