Շուտով Starbucks ընկերությունը հաճախորդներին թույլ կտա կրիպտոարժույթներն օգտագործել նույնանուն սրճարանների ցանցում ապրանքների վճարումների համար: Վճարման ձեւն անուղղակի կլինի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Starbucks-ն անցած չորեքշաբթի հայտարարել էր, որ այս նախագծում իր գործընկերներն են Microsoft կորպորացիան եւ Intercontinental Exchange ընկերությունը: Վերջինը հիմնադրվել է 2000 թվականին, զբաղվում է ֆինանսական տեղակատվության տրամադրմամբ եւ NYSE Group-ի սեփականատերն է, որի կազմի մեջ է մտնում Նյու Յորքի ֆոնդային բորսան: Գործընկերները մշակում են Bakkt հարթակը, որը նախատեսված է կրիպտոարժույթների պահպանման եւ դրանք ապրանքով ու ծառայություններով փոխանակման համար:
Starbucks-ը չի նախատեսում կրիպտոարժույթներն ինքնուրույն ընդունել որպես սրճարաններում վճարման միջոց: Միջնորդի դերում հանդես կգա Bakkt-ը, որը դրանք ավտոմատ կփոխանակի ԱՄՆ դոլարի, որը սպառողները կօգտագործեն որպես վճարման միջոց:
Մշակողները հույս ունեն հարթակը գործարկել այս տարվա նոյեմբերին: Starbucks-ը չի հստակեցրել, թե երբ կկարողանա միանալ Bakkt-ին, որը բնականաբար ստեղծվել է ոչ միայն սրճարանների հաճախորդների սպասարկման, այլեւ այլ մասնավոր ձեռնարկությունների համար:
Կրիպտոարժույթը թվային արժույթի տարատեսակ է, որի ստեղծումը հիմնվում է կրիպտոգրական մեթոդների վրա: Նման համակարգերը գործում են բլոքչեյն տեխնոլոգիայով՝ տվյալների ապակենտրոնացված բազա, որում տեղեկատվության պահպանման սարքերը ընդհանուր սերվերին միացված չեն: Կրիպտոարժույթի ամենահայտնի տարատեսակներից մեկն է բիթքոինը, որի հանրաճանաչության սրընթաց աճը տեղի է ունեցել վերջին տարիներին:
Starbucks-ը հիմնադրվել է 1971 թվականին: Ցանցը աշխարհի 75 երկրում միավորում է ավելի քան 26 հազար նույնանուն սրճարան: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Սիեթլում (Վաշինգթոն նահանգ):





























