«Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություները դեռ սպասում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձագանքին միասնական դաշինք ձեւավորելու հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Եթե «Քաղաքացիական պայմանագիր»-ը առանձին մասնակցի ավագանու  ընտրություններին, մենք պատրաստ ենք առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»,-ասաց նա` նշելով, որ դեռ հայտնի չեն ցուցակի երկրորդ, երրորդ համարները, քանի որ հստակեցված չէ դաշինքով ընտրություններին գնալը:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արդեն պատրաստվում է նախընտրական քարոզարշավին, այդ պատճառով կուսակցության գրասենյակներ է բացելու Երեւանում եւ մարզերում:

Նշենք, որ իրենց թեկնածուի մասին առայժմ հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը), ԲՀԿ-ն (ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը), ՀՀՇ-ն (Ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը) եւ «Երկիր ծիրանին» (կգլխավորի Զարուհի Փոստանջյանը)։ Ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի նաեւ  «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը։