Նախկին ավագ քահանա Գեորգի Մամալաձեն, որը 9 տարվա բանտարկության է դատապարտվել Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսի ռեֆերենտ քարտուղար Շորենա Տետրուաշվիլիի սպանության նախապատրաստման համար, մտադիր է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին անձամբ դիմել ներման խնդրանքով: Այս մասին Մամալաձեն հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ հեռախոսային հարցազրույցում:

Մամալաձեի խոսքով՝ առաջիկայում ինքը պատրաստվում է նախագահին նամակ ուղարկել, որում «մանրամասն կպարզաբանի հանգամանքները», որոնք ապացուցում են, որ «ցիանիդի գործում» ինքը «զոհ» է եղել:

«Նախագահը կարող է, նա հնարավորություն եւ եզակի լծակներ ունի ավելի հանգամանալից ու հիմնավոր պարզելու այս հարցը եւ այն որոշումն ընդունելու, որն ամեն ինչ ակնհայտ կդարձնի, սակայն դա արդեն բացառապես նրա որոշումն է»,- ասել է Մամալաձեն:

Միեւնույն ժամանակ, նա կարծում է, որ Մարգվելաշվիլիի վրա քաղաքական ճնշում է գործադրվում: Ըստ Մամալաձեի՝ միայն այս հանգամանքը կարող է խոչընդոտել իր ներմանը: Նա զուգահեռ է անցկացրել Վրաստանի գերագույն դատարանի նախկին նախագահ Նինո Գվենետաձեի հետ: Ինչպես հայտնի է, Գվենետաձեն հրաժարական էր ներկայացրել անմիջապես այն բանից հետո, երբ Վրաստանի Գերագույն դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Մամալաձեի գործը:

«Նախագահն արդյոք կկարողանա դիմանալ այն ճնշմանը, որը գործադրվել էր Գվենետաձեի, Բուգիանիշվիլիի եւ մյուս դատավորների վրա, կախված է միայն նրա անձնական հատկանիշներից»,- հավելել է նախկին ավագ քահանան:

Ավելի վաղ ինքը Մարգվելաշվիլին էր խոստացել քննարկել Մամալաձեի ներման հարցը: Ընդ որում՝ պետության ղեկավարը նշել էր, որ «ցիանիդի գործում» ինքը «դիսբալանս» է նկատել:

Մամալաձեի կալանավորումը Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենահնչեղ գործերից է:

Մամալաձեին ձերբակալել էին 2017 թվականի փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա մեկնում էր Գերմանիա, որպեսզի միանա պատրիարքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաեւ Տետրուաշվիլիին: Պատրիարքի շրջապատը գտնվում էր Բեռլինի կլինիկայում, որտեղ Իլյա Երկրորդին վիրահատել էին:

Քննության տվյալներով՝ Մամալաձեի ուղեբեռում նատրիումի ցիանիդ են հայտնաբերել, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն եւ 6 փամփուշտ: 2017-ի սեպտեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել էր 9 տարվա բանտարկության, իսկ փետրվարին դատավճիռն անփոփոխ էր թողել վերաքննիչ դատարանը: