Վենեսուելացի լրագրող, El Nacional պարբերականի ղեկավար Միգել Օտերոն Twitter-ի իր էջում հրապարակել է Կարակասի Բոլիվարի պողոտայի երկնքում անօդաչուի ոչնչացման տեսանյութը, որտեղ շաբաթ շքերթ էր անցկացվում ի պատիվ Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման տարեդարձի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կադրերում երեւում է մուլտիկոպտեր դրոնը, որն այնուհետեւ պայթում է երկնքում: Այդ պահին լսվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ելույթը:

Ավելի վաղ երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել էր, որ պայթուցիկով մի քանի թռչող սարք են ուղղվել դեպի տրիբունա, որտեղ շքերթի ժամանակ գտնվում էր Մադուրոն: Նրա խոսքով՝ վիրավորվել է 7 գվարդիական, պետության ղեկավարը չի տուժել: