Վերին Լարսի անցակետի հերթում սպասում են ոչ միայն ՀՀ քաղաքացիներ, այլեւ ՌԴ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ, որոնք մեկնում են Վրաստան, այսինքն, սա զուտ տեխնիկական խնդիր է, ոչ թե քաղաքական: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում հայտնել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը։

«Երեկ երեկոյան ռուսական կողմից հերթը մոտ 10 կիլոմետր էր, իսկ այսօր առավոտյան որոշակի նվազում է նկատվում 2 կիլոմետրի չափով։ Կան նաեւ կուտակված բեռնատարներ, որոնց մինչեւ ուշ գիշեր բաց չեն թողել, այսօր առավոտյան են սկսել բաց թողնել»։

Արմեն Փամբուկչյանը շեշտեց՝ արագ փչացող բեռներին արտահերթ են բաց թողում, որ խնդիրներ չառաջանան։

Փոխնախարարը հայտնեց, որ ակտիվորեն աշխատում են Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, ինչպես նաեւ Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսության հետ, ավելին՝ նրանք իրենց ներկայացուցիչներին ուղարկում են համապատասխանաբար վրացական եւ ռուսական անցակետ, որոնք «տեղում թարմ տեղեկություններ են տրամադրում»:

Փամբուկչյանը պարզաբանեց նաեւ, որ սովորական պայմաններով 5 անցակետով բաց են թողում, 5-ով՝ ընդունում. «Ռուսական անցակետը այս պահին 10 անցակետով բաց թողում է անում, որ մի փոքր թեթեւացնի հերթը, դրա պատճառով հերթ է գոյանում վրացական կողմում»:

Հիշեցնենք, որ Լարսում կրկին խնդիրներ կան թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ այսօր մեկնել է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: