Քարաշամբի գերեզմանատանը վերջին մի քանի տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, բացվել է շուրջ 250 գերեզման, մեծ քանակությամբ նյութեր են հավաքվել, որոնք չեն կարող հետազոտվել միայն հայ գիտնականների ուժերով: Այդ մասին օգոստոսի 6-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով, այս հարցում հայ գիտնականներին օգնում են ամերիկացի գործընկերները, մասնավորապես, Կոլումբիայի համալսարանի հնագետ կենդանաբան Խաննա Չազինը ներկայումս զբաղվում է Քարաշամբի գերեզմաններում հայտնաբերված կենդանիների ոսկորների ուսումնասիրությամբ:
Մասնագետի կարծիքով, այդ ուսումնասիրությունները հնարավորություն կտան տեղեկատվություն ստանալ այն մասին, թե կյանքի ինչպիսի տնտեսական ձեւ է եղել այդ ժամանակ եւ ինչպիսին էին հարաբերությունները մարդկանց եւ կենդանիների միջեւ` ծիսական, տնտեսական եւ այլն:
Խաննա Չազինը հաղորդեց, որ նա սկզբում Քարաշամբի գերեզմաններում հայտնաբերված կենդանիների ոսկորների ավանդական անալիզ է իրականացրել, որից հետո պետք է դրանց իզոտոպ անալիզը կատարվի:
Նա պատմեց, որ որ ոսկորներով կարելի է պարզել նույնիսկ կենդանիների հիվանդությունները, դրանք նաեւ տեղեկություններ են պարունակում կենդանիների ստացած վնասվածքների մասին:
Խաննա Չազինի խոսքով, Քարաշամբում հայտնաբերվել են այնպիսի կենդանիների ոսկորներ, ինչպիսիք են այծերը, ոչխարները, կովերը, ձիերը, ինչպես նաեւ տարբեր թռչուններ եւ շներ: Այս ամենը նշանակում է, որ այդ ժամանակ կենդանիները ապրում էին մարդկանց հետ:
Պավել Ավետիսյանը հավելեց, որ Քարաշամբի գերեզմանատան ամենահին գերեզմանները մ. թ. ա. 15-րդ դարի են, ամենավերջինները՝ մ. թ. 7-րդ դարի:
Ներկայումս մոտ 250 գերեզմաններ է բացվել, սակայն ուսումնասիրվել է ընդամենը 10 գերեզմանի նյութ, այնպես որ դա տարիներ աշխատանք է: Բայց այս աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե ինչպես են այդ մարդիկ ապրել. արդյոք քոչվորներեն եղել եւ կենդանիներին մեծ հեռավորության վրա են քշել, թե այնտեղ են բնակվել եւ անասուններին մոտակայքում են արածեցրել:
«Ըստ գոյություն ունեցող պատկերացումների, միջին բրոնզե դարաշրջանի բնակիչները քոչվոր են: Քարաշամբի ուսումնասիրությունը մեզ հնարավորություն կտան հասկանալ, արդյոք դա այդպես է: Կամ, մինչեւ հիմա, ենթադրվում էր, որ այդ ժամանակաշրջանի ծիսական թաղման ժամանակ մարդու հետ միասին գերեզմանում ցլի գլուխ ու վերջույթներն էին դնում: Սակայն Քարաշամբում պեղումների ժամանակ մենք գտանք կովերի գլուխներ, ձիերի ոսկորներ», - ասաց նա:
Քարաշամբ՝ բրոնզե դարի եզակի հուշարձան. երբ մեռյալները խոսում են (ֆոտոռեպորտաժ)




























