Մումբայի լողափերում լողալիս առնվազն 150 մարդու այրվածքներ են պատճառել թունավոր ֆիզալիաները (հայտնի են նաեւ «պորտուգալական նավակներ» անունով), հայտնում է NDTV-ն:
Ֆիզիալիաները, որոնք կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել, ամեն տարի մուսոնային տեղատարափների սեզոնին հայտնվում են Հնդկաստանի ափերին. նրանց բերում են հոսանքը եւ մակընթացությունը:
Մումբայում խանութներից մեկի տերը հեռուստաալիքին պատմել է, որ ֆիզալիաները վերջին օրերին տառացիորեն լեփ-լեցուն են քաղաքային լողափերում եւ հանգստացողներին մեծ հոգս են պատճառում: Նրա խոսքով՝ չնայած նրա հետ հպվելիս ստացած այրվածքները մարդու համար, որպես կանոն, մահացու չեն, նրանք դրանից հետո նվազագույնը մի քանի ժամ ուժեղ ցավ են զգում:
Այլ օրգանիզմների, այդ թվում՝ ծովում լողող մարդկանց հպվելիս ֆիզալիան որպես պաշտպանական ռեակցիա թունավոր նյութ է արտադրում, որը մարդու մաշկի վրա այրվածք է առաջացնում, որն իր ձեւով եւ տեսքով նման է մեդուզայի խայթոցին: Ֆիզալիայի թույնը կարող է մահացու լինել նրա նկատմամբ ալերգիայով տառապող մարդու համար, սակայն մահացու դեպքերը վիճակագրականորեն շատ հազվադեպ են:



























