Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դեւրեքի քաղաքապետ Մուսթաֆա Սեմերջին մասնակցելու է քաղաքում կազմակերպվող «Ես Մեսութ Օզիլն եմ» բողոքի ակցիային ընդդեմ Գերմանիայի։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Դեւրեքի քաղաքապետը շեշտել է, թե իրենք հանդիպել են Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի ընտանիքի անդամների հետ եւ մեր աջակցությունը հայտնել։ Քաղաքապետը նշել է, թե օգոստոսի 17–ից 19–ը քաղաքում միջոցառումներ են լինելու, որի ընթացքում որպես բողոքի ակցիա ինքը եւ շատ քաղաքացիներ Մեսութ Օզիլի դիմակով են քայլելու։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը որպես նախընտրական քարոզչություն Լոնդունում լուսանկարվել էր Մեսութ Օզիլի հետ եւ նկարը տարածել Թուրքիայում։ Դրանից հետո Գերմանիայում քննադատություն էր բարձրացել Օզիլի դեմ, որի հետեւանքով նա ստիպված եղավ դուրս գալ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմից։
Մեսութ Օզիլը Թուրքիայի զոնգուլդաքի Դեւրեքի շրջանից է։





























