Չինաստանի Ժողովրդական Դատարանը կարգադրագիր է տվել տղամարդու մահապատժի իրականացման համար, որը երկու տարի առաջ միտումնավոր վրաերթի էր ենթարկել դպրոցականների խմբին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, Խենան նահանգի Նանյան քաղաքում: Մեղադրյալ Մա Գաոչաոն, օգտվելով պահից, երբ միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտները դպրոցից տուն էին գնում, մեծ արագությամբ մեքենայով մտել է դպրոցի տարածք եւ ավտոմեքենան ուղղել աշակերտների խմբի վրա՝ վիրավորելով 6-ին: Դրանից հետո տղամարդը դուրս է եկել դպրոցական տարածքից եւ ճանապարհն անցնող դպրոցականների մեկ այլ խմբի է վրաերթի ենթարկել: Արդյունքում մեկ դպրոցական մահացել է, 11-ը՝ վիրավորվել:
Դատարանը որոշել է, որ տղամարդն անձնական վրեժխնդրության պատճառով դիտավորյալ վրաերթներ է իրականացրել մարդկանց խմբերի վրա, դատապարտել է մահապատժի եւ ցմահ զրկել բոլոր քաղաքական իրավունքներից:
Դատավճիռը հրապարակելուց հետո ամբաստանյալը չի համաձայնել դրա հետ եւ բողոքարկել է այն, սակայն բարձր ատյանի դատարանը ուժի մեջ է թողել վճռը:



























