Գեւորգ Աճեմյանի ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչի պաշտոնից ազատման դիմումի մակագրումը որեւէ կերպ կապ չուներ իր կրոնական կողմնորոշման հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Գեւորգ Աճեմյանի հետ կապված խնդիրը մի փոքր այլ էր, եւ կապված էր իր որոշակի գործողությունների հետ, որոնք չէին մտնում իր իրավասությունների շրջանակում։ Մասնավորապես, մի քանի հարցերի լուծումներ էր փորձել տալ, որոնք դուրս էին իր իրավասությունների շրջանակից։  Դրա մեջ որեւէ վատ բան չկար, բայց դա իր գործը չէր»,– նշեց Ավինյանը՝ չմանրամասնելով՝ ինչ հարցերի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը իր դիմումի համաձայն ազատվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչի պաշտոնից։ Ավելի վաղ նա հաստատել էր, որ հանդիսանում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետեւորդ։