Իսպանիայի Վալենսիա ինքնավար միությունում անտառային հրդեհների պատճառով տարհանվածների թիվը հասել է 3 հազարի, հայտնում է El Pais-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ մինչեւ հիմա չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել երկուշաբթի երեկոյան Լուչենտե բնակավայրի մոտ բռնկված հրդեհը: Տարերքի դեմ պայքարին մասնակցում է գրեթե 600 մարդ, նաեւ 25 ուղղաթիռ ու օդանավ: Շրջանային իշխանությունների նախնական գնահատականներով՝  կրակն արդեն ոչնչացրել է անտառների մոտ 2,6 հազար հա տարածք ու գյուղատնտեսական մշակաբույսեր:

Նշվում է, որ տուրիստական Գանդիա բնակավայրի շրջանում այրվել է մոտ 20 տուն: Կրակի մարումը դժվարանում է ուժգին քամու պատճառով: Դեռեւս տեղեկություններ չեն ստացվել հրդեհի հետեւանքով տուժածների մասին:

Անցած հանգստյան օրերին երկրի ամբողջ տարածքում շատ շոգ եղանակ էր: Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունը տագնապ էր հայտարարել թագավորության շատ նահանգներում: Որոշ բնակավայրերում վտանգավորության մակարդակը հասցվել էր մինչեւ ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակի: Այդ նահանգներում ջերմաստիճանը անցել էր 40 աստիճան նիշից: