Զարգացած երկրներում, եթե քաղաքացիները սննդի վրա ծախսում են իրենց ընտանեկան բյուջեի 25 տոկոսը կամ ավելին, ապա նրանք աղքատ են համարվում: Մինչդեռ Հայաստանում բնակչության մեծ մասը անձնական եկամտի 65 տոկոսը խախսում է սննդի վրա: Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ըստ նրա՝ այսպիսով ստացվում է, որ աղքատության շեմին կամ այն կողմ է գտնվում Հայաստանի բնակչության 80 տոկոսը, եւ սա աղաղակող փաստ է: Մինչդեռ, շարունակեց նա, այս ֆոնին առաջին անհրաժեշտության ապրանքներն անընդհատ թանկանում են, ավելին՝ Հայաստանում երբեք այնպես չի լինում, որպեսզի միջազգային շուկաներում գների նվազումն ազդեցություն ունենա, սակայն թանկացումները միշտ ազդում են. «Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես անցյալ տարի Նոր Զելանդիայում երաշտի պատճառով մեզ մոտ կարագի գները կտրուկ աճեցին, սակայն երաշտն այդ երկրում վաղուց անցել էր, այդ սննդամթերքի գները վերադարձել էին հին մակարդակի, սակայն մեզ մոտ կարագը, իհարկե, չէժանացավ»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Քաղաքացիներն այս տարի նկատում են, որ սեզոնային մթերքների գները եւս տրուկ աճել են, հատկապես ակնբախ են կարտոֆիլի, լոլիկի, պղպեղի, բադրիջանի եւ որ ամենազարմանալին է՝ ձմերուկի գները (որը օգոստոսին արդեն 50-80 դրամ արժեր, սակայն այժմ 250 դրամի մակարդակում է):
Սակայն, ըստ Արմեն Պողոսյանի՝ բանջարեղենը տարեկան կտրվածքով միջինում էժանացել է 22 տոկոսով: Կտրուկ թանկանում է միսը՝ տարեկան կտրվածքով՝ 12.4 տոկոսով, իսկ հուլիս ամսին՝ 9.6 տոկոսով, իսկ կարագն ուղղակի ոսկի է դառնում. Տարեկան կտրվածքով այն թանկացել է 36 տոկոսով, իսկ միայն հուլիս ամսին՝ 34 տոկոսով: Դա այն դեպքում, երբ գների եւ սակագների մակարդակի տարեկան աճը չպետք է գերազանցի 4.5 տոկոսը, ինչպես ամրագրված է Տնտեսական զարգացման պետական ծրագրում:





























