ՀՀ տնտեսությունում ստվերի դեմ պայքարի ժամանակ հարկային տեռորի շուրջ բողոքները բնական են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Մեր տնտեսությունը աշխարհի ամենաստվերային վիճակում գտնվող տնտեսություններից է, դա է փաստում ԱՄՀ–ի վերջին հետազոտությունը։ Ուստի երբ կառավարությունը հայտարարում է, որ հիմնական առաջնահերթությունը կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարն է, բնական է՝ բողոքներ պետք է լինեն, հատկապես խոշորների կողմից»,– նշեց տնտեսագետը:

Նա առաջարկեց ընդունել, որ տասնամյակներ շարունակ խնդիրը կոնցեպտուալ է եղել. «Մեր տնտեսության մեջ տասնամյակներ շարունակ անվանական դրույքաչափերը եղել են մի կողմում, փաստացի արդյունավետ դրույքաչափերը մեկ այլ կողմում, ճեղքվածքը եղել է առնվազն 5-6 տոկոս։ Մենք տեսնում ենք, որ այդ 5-6 տոկոս ստվերը յուրացվել է կամ վճարվել է ինչ–ինչ սեւ գանձարկղերի, հիմնադրամների»։

Ատոմ Մարգարյանը դրական համարեց, որ այսպիսի ցնցումներից հետո կապիտալի լայնամասշտաբ հոսք չկա, մակրոտնտեսական հիմնական ինդիկատորները, ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերության մակարդակը եւ դրամը շարունակում են ամրապնդվել, բյուջետային իրավիճակը դեֆիցիտի, պետական պարտքի մասով կայուն է, իսկ մակրոտնտեսական ցուցիչները շարունակում են իրենց նախորդ տարվա թրենդը, կարծես ոչինչ չի եղել. «Մակրոտնտեսական ֆունդամենտալ խնդիրը շարունակում է գործազրկության մասով անբնական բարձր մնալ, ներդրումային ակտիվությունը բավականաչափ պասիվ է, լուրջ ներդրումային ծրագրեր այս ժամանակահատվածում չկան եւ չէին էլ կարող լինել, քանի որ ներդրողները սպասում են, որ հեղափոխությունը ինստիտուցիոնալիզացվի խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Այժմ ունենք վարչապետ, որն ընտրվել է աթենական ժողովրդավարության սկզբունքով, երբ ժողովուրդը հավաքվում եւ երկրի ղեկավար էր ընտրում»։

Նա շեշտում է՝ ներկայիս կառավարության ծրագիրը կարճածամկետ է, բայց տրված խոստումները պետք է կատարել։ Տնտեսագետը համոզված է՝ կոռուպցիայի դեմ պայքարը դեռեւս ինստիտուցիոնալիզացված չէ, պետք է ստեղծվի կառույց, որը կլինի առաջատարը եւ ոչ թե ուժային համակարգը, հատկապես ԱԱԾ–ն։