Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար հայ ֆերմերները պետք է իրենց պայմանները թելադրեն վերամշակող ընկերություններին: Նման կարծիք օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ իրավիճակը, երբ վերամշակող ընկերություններն են թելադրում ֆերմերներին մթերման գները, իսկ նրանք, որպես կանոն, ստիպված համաձայնում են նրանց հետ, պետք է արմատախիլ արվի: «Մթերումների ոլորտում մենաշնորհներ չպետք է լինեն, գյուղացիներից գյուղատնտեսական ապրանքներ պետք է գնի մի քանի վերամշակող ընկերություն, որպեսզի ֆերմերները կարողանան որոշել, թե որ ընկերության հետ է նրանց ձեռնտու առուվաճառքի գործարք կնքել եւ ինչ գնով վաճառել իրենց արտադրանքը»,- ասաց ՀԿ-ի ղեկավարը:
Ընդ որում, նա հավելեց, որ ֆերմերներին պետք է ազատել բերքահավաքի աշխատանքից, բերքի տեղափոխումից եւ պահեստավորումից: Սա, ըստ մասնագետի, լրացուցիչ բեռ է գյուղացիների համար: «Ֆերմերները չպետք է մտածեն, թե ինչպես մատակարարել ապրանքը քաղաք, որտեղ եւ ինչ գնով այն վաճառել եւ միեւնույն ժամանակ ենթարկվել վերավաճառողների պայմաններին: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, գյուղերից արտագաղթը չի վերանա»,- եզրափակեց Պողոսյանը:





























