Վաշինգթոնը եւ Անկարան առայժմ չեն կարողացել առաջընթացի հասնել քահանա  Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հարցում, որին թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկիչների աջակցության եւ լրտեսության մեջ:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանի եւ թուրքական պատվիրակության շուրջ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո առաջընթացի նշան  չի եղել:

«Մենք թուրք պաշտոնյաների հետ լրացուցիչ բանակցություններ ենք անցկացրել: Զրույցները շարունակվում են», - ասել է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նաուերթը:

Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի նորանշանակ փոխարտգործնախարար Սեդատ Օնալը եւ Վաշինգթոնում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչը: Նրանք հանդիպումից հետո չեն պատասխանել լրագրողների հարցերին:

Նշենք, որ ԱՄՆ-ն Բրանսոնի գործի հետ կապված պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների նկատմամբ:

Պետդեպարտամենտը շատ քիչ տեղեկություններ էր հայտնել Թուրքիայի հետ Բրանսոնի հետ բանակցությունների մասին, չնայած նախօրեին խոստովանել էր, որ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ  թուրք գործընկերոջ միջեւ հեռախոսազրույցի արդյունքում հնարավոր չի եղել  Բրանսոնի հարցով որոշում կայացնել: Նշենք, որ ԱՄՆ-ն, Բրանսոնին անմեղ է համարում եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել եւ վերադարձնել հայրենիք:

Թուրքական պատվիրակությունը «ցանկացած գործարքի հույս ունի, քանի որ այն պետք է ինչ-որ բան ներկայացնի Անկարա վերադառնալուց հետո», - ասել է նախկին ամերիկյան պաշտոնյան, ով ծանոթ է երկու կողմերի դիրքորոշումներին:

«Ես չեմ տեսնում, որ ամերիկյան կողմը համաձայնվի համապարփակ կարգավորմանը, մինչեւ որ նրանք (թուրքերը) ազատ չարձակեն Բրանսոնին», - ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով, Բրանսոնի ազատ արձակման համար Անկարայի պայմաններից մեկն է նվազագույնի հասցնել Halkbank-ի վնասը, քանի որ ակնկալվում է, որ ԱՄՆ-ի Ֆիննախը նշանակալի տուգանք կսահմանի նրա համար, ինչպես նաեւ գործադիր տնօրեն Հաքան Աթիլի վաղաժամկետ ազատ արձակումը, որը Միացյալ Նահանգներում 32 ամսով դատապարտվել է մի   սխեմային մասնակցելու համար, որով Իրանը խուսափել էր ԱՄՆ պատժամիջոցներից:

Թուրքիան նաեւ պնդում է Ֆեթուլա Գյուլենի արտահանձնման մասին, որին Անկարան մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի համար, ինչպես նաեւ F-35 կործանիչների մատակարարման երաշխիքների մասին, որոնք Կոնգրեսը արգելափակել էր Թուրքիայի կողմից ռուսական C-400- ի ձեռքբերումից հետո: