Չորեքշաբթի Մեխիկոյում ձերբակալվել է Մեքսիկայի ամենավտանգավոր բանդաներից մեկի՝ «Տեպիտո միության» առաջնորդը, հայտնում է Universal պորտալը՝ տեղեկացնելով, որ խոսքը Ռոբերտո Մոյադոյի մասին է, ում բռնել են դաշնային ոստիկանության խոշոր գործողության արդյունքում:

Մեքսիկայի ՆԳ նախարար Ալֆոնսո Նավարետեն այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է՝ Twitter-ի իր միկրոբլոգում հայտնելով. «Այս երեկոյան դաշնային ուժերի եւ դաշնային ոստիկանության հակաթմրանյութային բաժնի ստորաբաժանումները ձերբակալել են Մեխիկոյում եւ Մեխիկո նահանգում բռնության ու թմրամիջոցների առեւտրի գլխավոր ոգեշնչողներից մեկին: Առաջիկա ժամերին ՆԳՆ-ն մանրամասներ կհայտնի»:

Վերջին ամիսներին նա «Տեպիտո միության» արդեն երկրորդ բռնված ղեկավարն է: Բանդան կոչվել է Մեխիկոյի Տեպիտո շրջանի անունով, որտեղ այն սկսել է իր գործունեությունը: Այս շրջանը վատ համբավ ունի: Այնտեղ «տիրություն» են անում թմրավաճառները, ավազակները, գրպանահատները: Տեպիտոյում է գտնվում քաղաքի ամենահայտնի շուկաներից մեկը, որտեղ ծաղկում են ընդհատակյա հասարակաց տները, խաղային որջերը, մաքսանենգային ապրանքների պահեստները: