20-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել Երեւանի 38-ամյա բնակչին:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երիտասարդի դին հայտնաբերվել էր մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ՝ մետաղական լարով կապված եւ այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի իրական վայրը, հանգամանքները, շարժառիթը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է մայիսի լույս 16-ի գիշերը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գտնվող ավտոտնակներից մեկում՝ խնջույքի ժամանակ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։ Նախ դանակով հարվածներ են հասցվել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետեւ՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխվել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ դիակի վրա լցվել է յուղ եւ բենզին ու այրվել։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




























