ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23:30-ից մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 00:20 ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երկու անձ մուտք են գործել Նոր Գեղիի բնակիչներից մեկի տուն եւ դանակի գործադրմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են գումար, թանկարժեք իրեր։ Այնուհետեւ կապկպել են բնակչին եւ, հափշտակելով կանխիկ գումար եւ ոչ թանկարժեք քարեր, դիմել են փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով։
Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։





























