Մարալիկում քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում, նրանք պահանջում են  ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը:

«Քաղաքացիները համարում են, որ իրենց քաղաքապետն անօրինություններ է թույլ տվել, սխալ է  կառավարում: Նրանք տարբեր պատճառներ էին բերում ու պահանջում նրա հրաժարականը»,-ասաց փոխմարզպետը:

Նա նշեց, որ ակցիայի մասնակիցները ավտոերթ են կազմակերպել քաղաքում, առավոտյան էլ փակել են դեպի Գյումրի տանող ճանապարհը, սակայն մի քանի ժամ անց այն բացվել է:

Սոֆյա Հովսեփյանը հավելեց, որ քաղաքապետն էլ հակընդդեմ ակցիա է կազմակերպել, դուրս է բերել իր կողմնակիցներին. «Ժողովրդի մի մասը պահանջում էր քաղաքապետի հեռանալը, մի մասը մնալը, եւ նման ահավոր իրավիճակ էր ստեղծվել քաղաքում»:

Փոխմարզպետը հայտնեց, որ Տարածքային  կառավարման եւ զարգացման նախարարությունը տեղյակ է բողոքի ակցիաներին եւ  պարզում է խնդիրը: