Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով մեղադրվող Նարեկ Ավետիսյանը փորձում է խուսափել դատաքննությունից: NEWS.am-ի հետ զրույցում 5 տարի առաջ մահացած Հովհանյանի դուստրը պնդում է՝ մեղադրյալն անհեթեթ պատճառներ է ներկայացրել դատարան, որպեսզի չներկայանա դատաքննությանը:
«Հորս՝ Գյանջիրով Հովհանյանի սպանության գործով երեկվա դատական նիստին, առանց այն էլ անօրինական մեղադրանքից հետո, ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը դատարանին դիմեց խնդրանքով՝ իբր ներվային հիվանդ է, եւ խնդրում է թույլ տալ երկրից դուրս գնալ՝ Ստամբուլում բուժզննում անցնել, ապա հնարավոր է՝ նաեւ վիրահատվելու: Թե ներվերի վիրահատությունը որն է՝ չգիտեմ, նման բան չէինք լսել: Երեւի նոր անօրինական մեթոդ են մշակել, կեղծ փաստաթղթերով փորձում են լքել երկիրը»,- ասաց Գայանե Հովհանյանը:
Նրա խոսքով՝ Արարատի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է միջնորդության քննությունը՝ պահանջելով մեղադրյալից համապատասխան բժշկական փաստաթղթեր ներկայացնել:
«Ես նույն համառությամբ փորձում եմ արդարադատության փշրանքները հավաքել եւ ամբողջացնել պատկերը, բացահայտել հորս սպանությունը: Իսկ դատարանում գործով վկա Ամալյան անվայելուչ բառերով փորձում էր մեզ վիրավորել եւ հունից հանել, սակայն դա իրենց չհաջողվեց»,- ասաց Գայանեն:
Մահացածի դստեր կարծիքով՝ դատական համակարգում հեղափոխությունը դեռ չի հասել Արարատի մարզ, սակայն ինքն արդարադատության հույս ունի:
Նշենք, որ Նարեկ Ավետիսյանը մեղադրվում է Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանն արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, եւ պարտավորեցրել է վերացնել դրանք:
Որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը:
Այնուհետեւ երկրորդ փուլում գործը քննել է հատուկ կարեւոր գործերով քննչական վարչությունը, եւ գործը կասեցրել են, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է այս որոշումը: Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:





























