2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների եւ նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր եւ բանավոր բողոքներ:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրանցից 27 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, եւս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Բողոքները մեծ մասամբ վերաբերել են կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, բժշկական հետազոտություններին եւ առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զորակոչին առնչվող հարցերով իրականացվել են հետեւյալ աշխատանքները՝
բողոքների քննարկման շրջանակում գրություններ են հասցեագրվել ՀՀ պաշտպանության, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարություններ։ Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ են նախաձեռնվել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների, զինկոմիսարիատների ծառայողների, ինչպես նաեւ առողջապահական կազմակերպությունների հետ.
Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար ՀՀ կառավարության որոշումներով 6 քաղաքացու տրամադրվել է տարկետում.
Պաշտպանի առաջարկների հիման վրա իրականացվել են լրացուցիչ բժշկական հետազոտություններ, նշանակվել կրկնակի փորձաքննություններ, որոնց արդյունքում 4 քաղաքացի առողջական վիճակի պատճառով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, 2 քաղաքացու տրամադրվել է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով: 7 քաղաքացի սահմանափակումով պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար: 3 քաղաքացի բողոք ներկայացնելուց հետո խնդրել է բողոքը թողնել անհետեւանք, քանի որ բարձրացված հարցերը ստացել են դրական լուծում (տրամադրվել է տարկետում): 6 քաղաքացի զինվորական ծառայության մեկնելուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, ներկայում անցնում է բժշկական հետազոտություն եւ ստանում բուժում:
Զորակոչի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմ բողոքներ ներկայացվել են նաեւ զորակոչի ավարտից հետո: Առողջական խնդիրների վերաբերյալ ներկայացվել է 3 բողոք, որոնց կապակցությամբ իրականացվում է ուսումնասիրություն: Բողոքներում բարձրացված մյուս հարցերը վերաբերել են ընտանեկան պայմանների հիմքով տարկետում ստանալուն, զորակոչային եւ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունները բողոքարկելուն, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տարկետում տրամադրելուն, եղբայրների միեւնույն զորամասում ծառայելու իրավունքին:
Պաշտպանը բարձր է գնահատում զորակոչի ընթացքում համատեղ աշխատանքը Պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության նախարարության հետ։
Հիշեցնենք, որ 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներին ու նրանց ազգականներին բաժանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:





























