«S.O.S Սեւան» նախաձեռնության անդամները հավաքվել են Ազգային ժողովի շենքի դիմաց եւ բողոքի ցույց են անում՝ ի պաշտպանություն Սեւանի, փոխանցում է NEWS.am–ի թղթակիցը։
Նրանք հանդես են գալիս «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դեմ։
Նշենք, որ օգոստոսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել այդ նախագծին, որով առաջարկվում է Սեւանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչեւ 210 մլն խմ, այսինքն ավելացնել 40 մլն խմ-ով:
«Մենք առանձնապես մեծ հույսեր չունենք, չնայած ՀՀ վարչապետը տվել է համապատասխան կարգադրությունը պատասխանատու մարմիններին ուսումնասիրել եւ հասկանալ ստեղծված իրավիճակը այդ հարցի լուծման համար։ Սակայն, ինչպես տեսնում եք, հարցն այդպես էլ չլուծվեց։ Վարչապետին ներկայացվել է մի առաջարկ, որի շրջանակներում կրկին հնչել է Սեւանալ լճից ջրի բացթողման գաղափարը»,–հայտարարել է բողոքի ցույցի մասնակից, բնապահպան Սիլվա Ադամյանը։
Իր հերթին «Էկոլուր» ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը նշել է, որ իրենք արդեն դիմել են խորհրդարան՝ խնդրելով հանդես գալ Սեւանա լճից ջրառի դեմ։
«Վստահ ենք, որ ունենք այն բանի հաստատումը, որ հերթական ջրառը ոչ մի կերպ չի օգնելու Արարատի մարզի գյուղացիներին իրենց խնդիրների լուծման համար, քանի որ այդ կարգի խնդիրները կապված են ոչ թե ջրի լրացուցիչ ջրառի, այլ վատ կառավարման հետ»,–ասել է Զարաֆյանը։
Հիշեցնենք նաեւ, որ կառավարության օգոստոսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշել էր, որ դա իրենց կառավարության օրակարգում երբեւէ եղած ամենաանցանկալի հարցերից է: «Կառավարությունը երեւի ամիս ու կես մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, եւ մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Շատ բուռն քննարկումներ եղան, որից պարզ դարձավ, որ կա ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել։ Ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք: Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, Հայաստանում «ջրային մաֆիայի» գոյությունը: Եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», -հավելել է Նիկոլ Փաշինյանը:


























