Սեւանա լճից 40 մլն լրացուցիչ ջրառ կազմակերպելու օրինագծի քննարկման ժամանակ բազմաթիվ առաջարկություններ են եղել, սակայն քննարկումների արդյունքում որոշվել է՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը, այս պահին ձեռնպահ մնալ առաջարկություններից, բայց հետագայում ԱԺ լսումներ կազմակերպել Սեւանի համալիր վիճակի մասին, փոփոխությունների առաջարկություններ անել այդ լսումների ժամանակ։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը:
Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ այդ առաջարկություններն այս պահին չեն ներկայացրել, որպեսզի հնարավորություն տան Կառավարությանը այս օրենքի ընդունումից հետո համապատասխան գործողություններ կատարել:
Հիմնական զեկուցող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը եզրափակիչ խոսքում շնորհակալություն հայտնեց՝ իրավիճակը ճիշտ գնահատելու համար եւ ավելացրեց. «Բոլոր հարցերի պատասխանները կներկայացնենք։ Թեեւ 40 մլն խմ ջրառ ենք խնդրում, բայց պետք է աշխատենք մինչեւ 25 մլն խմ–ով բավարարվել»։
Նշենք, ոչ ԱԺ–ն 80 կողմ 1 դեմ ձայներով ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրինագիծը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։





























