Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ պատգամավորների կոնգրեսը, աջակցել է կառավարության առաջարկին` բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները Մադրիդի Զոհվածների հովտում գտնվող հուշահամալիրից տեղափոխելուն, որտեղ թաղված են 1936-1939 թվականների Քաղաքացիական պատերազմի զոհերը, հաղորդում է DW-ն:

Վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանի որոշումն անվանել է «պատմական»: «Արդարություն: Հիշողություն: Արժանապատվություն: Այսօր Իսպանիան պատմական քայլ է արել ֆրանկականություն զոհերի իրավունքների վերականգնման համար: Այսօր մեր ժողովրդավարությունը դարձավ ավելի լավը», - Twitter-ում գրել է նա:

Կաուդիլյոի հարազատները եւ ընդդիմությունը դեմ են արտահայտվել էքսգումացիային: Ժողովրդական կուսակցության նախագահ Պաբլո Կասադոն ասել է, որ կառավարությունը անպատասխանատու կերպով փորփրում է պատերազմի արդեն ապաքինված վերքերը, որոնք բաժանել էին հասարակությանը:

Ենթադրվում է, որ մնացորդների վերաթաղումը տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Նոր թաղման վայրը պետք է որոշեն բռնապետի հարազատները, եթե նրանք հրաժարվեն դա անել, կառավարությունը ձեռնամուխ կլինի Ֆրանկոյի մնացորդների տեղափոխմանը