Առաջարկում ենք վերականգնել Տեսչական մարմինների միասնական վերաքննիչ հանձնաժողովը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատում  տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում նշեց տեսչական ոլորտի փորձագետ Սյուզաննա Ծատուրյանը՝ ներկայացնելով Ազգային գործարար օրակարգի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները:

Նրա խոսքով՝ այս հանձնաժողովը, որը գործել է Հայաստանի վարչապետի նախագահությամբ, միակն էր, որտեղ հնարավոր էր բողոքարկել տեսչական ստուգումների արդյունքները՝ ապահովելով առավելագույն օբյեկտիվություն:

«Տեսչությունների մասին» օրենքի վերաբերյալ կառավարությանը մեր հիմնական առաջարկն է վերականգնել Տեսչական մարմինների միասնական վերաքննիչ հանձնաժողովը՝ եթե ոչ վարչապետի նախագահությամբ, ապա գոնե փոխվարչապետներից մեկի, եւ այս հանձնաժողովում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի ներկայությունը»,- նշեց Ծատուրյանը:

Մյուս, ոչ պակաս կարեւոր առաջարկն է տեսուչների էթիկայի օրենսգրքի մշակումը: «Բացի քաղծառայողների վարքագծի կանոններից, նրանք պետք է ենթարկվեն տեսուչների էթիկայի կանոններին, քանի որ ձեռնարկատերերի հետ անմիջական շփման մեջ են»,- նշեց փորձագետը:

Նրա կարծիքով՝ պետք է ներդրվի տեսչական նոր մշակույթ, որի համաձայն տեսչությունները պատժիչ գործառույթներ չեն կատարում, այլ ձեռնարկատերերին աջակցող մարմիններ են բիզնեսի կազմակերպման եւ իրավախախտումների կանխման գործում:

«Տեսչության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներից հետո պետք է կատարելագործել տեսչական ստուգումների ընթացակարգերը, այս բոլոր լուծումներն արտացոլված են «Տեսչության մասին» նոր օրենքի մշակման առաջարկներում»,- եզրափակեց նա: