ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Փհենյան է մեկնել: Նախօրեին Տոկիոյում Պոմպեոն հանդիպել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ երկրի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մեզ համար կարեւոր է Փհենյան ուղեւորվելուց առաջ լսել ձեզ եւ համոզվել, որ մենք ամբողջությամբ ներդաշնակ ենք գործում հրթիռային ծրագրի (Հյուսիսային Կորեայի) եւ քիմիական ու կենսաբանական զենքի ծրագրերի հարցում»,- ասել է Պոմպեոն: նա հավելել է, որ ծրագրում է անդրադառնալ Հյուսիսային Կորեայի կողմից առեւանգված ճապոնացիների հարցին:

Աբեի կարծիքով՝ ներկայիս բանակցություններն ամբողջ աշխարհին ցուցադրում են, որ Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ միությունն «ինչպես երբեք ամուր է»:

ԱՄՆ պետքարտուղարը մինչեւ Վաշինգթոն վերադառնալը կայցելի նաեւ Հարավային Կորեա եւ Չինաստան: Սպասվում է, որ Փհենյանում Պոմպեոն ապամիջուկայնացման հարցի շուրջ բանակցություններ կվարի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

Պոմպեոն Ճապոնիա մեկնելու ճանապարհին ասել էր, որ Հյուսիսային Կորեա այցելելու նպատակն է «համոզվելը, որ մենք հասկանում ենք, թե կողմերից յուրաքանչյուրն ինսկապես ինչի է փորձում հասնել… եւ ինչպես կկարողանանք կատարել Սինգապուրում մեր ստանձնած պարտավորությունները», որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսին պատմական հանդիպում էին ունեցել:

Պոմպեոն ասել է, որ կցանկանար նաեւ որոշել Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթնաժողովի օրը: