Բրիտանացի զինվորականները զանգվածային կիբեռհարձակման պատրաստություն են անցկացրել Մոսկվայում էլեկտրականության անջատման համար, եթե Ռուսաստանը որոշի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունում բարձրաստիճան աղբյուրներին:
Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ իրենք մտահոգված են Ռուսաստանի եւ Բրիտանիայի հնարավորությունների տարբերությամբ, ինչի պատճառով բրիտանացի զինվորականները պատասխանի չափազանց քիչ տարբերակներ ունեն՝ բացառությամբ միջուկային զենքի կիրառման:
Բրիտանիայի կառավարությունում պաշտոնյաները խոստացել են զարգացնել երկրի կիբեռհնարավորությունները, ներառյալ Կրեմլում «լույսն անջատելու» հնարավորությունը: Սա Բրիտանիային պատասխանի ավելի շատ հնարավորություններ կտա իրադարձությունների բացասական զարգացման դեպքում: The Times-ը ներկայացնում է հնարավոր տարբերակները՝ Ռուսաստանի կողմից Էստոնիային պատկանող կղզիների գրավում՝ ստուգելու համար ՆԱՏՕ-ի երկրների հավատարմությունը պայմանագրի 5-րդ հոդվածին, որով ամրագրված է, որ մի երկրի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա:




























