Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ հայտնի սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որն անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո, սպանվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրներին:

«Թուրքիայի ոստիկանության նախնական գնահատմամբ՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում Հաշքաջին սպանվել է: Մենք կարծում ենք, որ սպանությունը կանխամտածված էր, որից հետո նրա մարմինը հյուպատոսարանից դուրս է բերվել»,- Reuters-ին ասել է մի թուրք պաշտոնյա: «Հիմնվելով սեփական նախնական եզրահանգումների վրա՝ ոստիկանությունը կարծում է, որ լրագրողը սպանվել է հատուկ Ստամբուլ ուղարկված խմբի կողմից, որը նույն օրն իսկ հեռացել է»,- AFP-ին ասել է պաշտոնյան:

Ոստիկանությունը հաստատել է, որ մոտ 15 սաուդցիներ, ներառյալ պաշտոնյաներ,  հոկտեմբերի 2-ին երկու չվերթով Ստամբուլ են ժամանել եւ Հաշքաջիի հետ միաժամանակ հյուպատոսարանում են եղել:

Սաուդյան հյուպատոսարանում աղբյուրը այս վարկածը հերքել է՝ անհիմն համարելով: Նա հայտնել է, որ նախօրեին Ստամբուլ է ժամանել անվտանգության խումբ, ներառյալ քննիչներ՝ մասնակցելու Հաշքաջիի անհետացման հետաքննությանը:

Հաշքաջին, որը մշտական հիմունքով The Washington Post-ի համար հոդվածներ է գրում, Թուրքիայում կորել է այն բանից հետո, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան: Ինչպես հայտնել էր Аnadolu գործակալությունը՝ վկայակոչելով սաուդցի լրագրողի հարսնացուին, ում անունը չի հրապարակվում, հյուպատոսարանի աշխատակիցները նախօրեին Հաշքաջիին հրավիրել էին փաստաթղթեր ձեւակերպելու, իսկ հարսնացուին թույլ չէին տվել շենք մտնել: Հինգ ժամ սպասելուց հետո հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը աղջկան հայտնել էր, որ Հաշքաջին արդեն գնացել է, եւ նրան սպասելու կարիք չկա: