Մոնրեալում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի, քանի որ Քվեբեկ նահանգի իշխանությունները մտադիր են օրենք ընդունել, որով արգելվելու է պետական ծառայողներին աշխատանքի ժամանակ կրոնական ատրիբուտներով հագուստ կրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CBC հեռուստաալքին:
Ակցիան անցկացվել է այդ խոշորագույն քաղաքի կենտրոնական մասում եւ ավարտվել առանց պատահարների: Դրա մասնակիցները կառավարության նման նախաձեռնությունը համարում են ռասիզմի դրսեւորում եւ նրանց իրավունքներն ու ազատությունները խախտելու փորձ:
Շատերը բողոքի ակցիային եկել են հիջաբով եւ գլուխն ու դեմքը ծածկող այլ կրոնական հագուստներով:
«Հիջաբն իմ մասն է եւ ես կարծում եմ, որ իշխանությունները չպետք է ճնշեն մարդկանց այն պատճառով, որ նրանք ցանկանում են նման հագուստ կրել», - ասել է մասնակիցներից մեկը:
Հոկտեմբերի 1-ին Քվեբեկում կայացած ընտրություններում հաղթել է աջակենտրոն «Կոալիցիա՝ հանուն Քվեբեկի ապագայի» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմել: Նրա առաջնորդն ու տարածաշրջանի նոր վարչապետ Ֆրանսուա Լեգոն արդեն հայտարարել է, որ «Կոալիցիա՝ հանուն Քվեբեկի ապագայի»-ն մտադիր է օրենք ընդունել, որով արգելվելու է պետական ծառայողներին, այդ թվում ոստիկաններին, ուսուցիչներին եւ դատավորներին աշխատանքի ժամանակ կրոնական ատրիբուտներով հագուստ կրել:
Համապատասխան փաստաթղթի ընդունման համար կառավարությունը մտադիր է օգտագործել հատուկ նորմ, որը թույլ է տալիս իշխանություններին ցանկացած օրենք ավելի վեր դասել Կանադայի մարդու իրավունքների խարտիայից:
2017-ին Քվեբեկ ֆրանսախոս նահանգի Ազգային ժողովը (խորհրդարանը), որտեղ այդ ժամանակ Լիբերալ կուսակցությունը մեծամասնություն ուներ, ընդունեց օրենք, որը արգելում էր մուսուլմանական եւ կամ դեմքը ծածկող այլ հագուստի կրումը պետական ծառայողներին եւ տարածաշրջանի սոցիալական ոլորտի աշխատողներին:




























