Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ֆերնանդո Ալբան Սալազարը, ում կասկածում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ չհաջողված մահափորձի մեջ, երկուշաբթի ինքնասպանություն է գործել Բոլիվարական ազգային հետախուզության ծառայության կենտրոնակայան տեղափոխելուց հետո: Այս տեղեկությունը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Տարեկ Վիլյամ Սաաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գլխավոր դատախազի խոսքով՝ ընդդիմադիրը խնդրել է թույլ տալ լոգարան գնալ, որտեղ ինքնասպանություն է գործել: «Գլխավոր դատախազությունը նշանակել է երկու ազգային դատախազների սպառիչ հետաքննության անցկացմամբ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար»,- հավելել է Սաաբը:
Ընդդիմադրին կալանավորել էին ուրբաթ Կարակասում Նյու Յորքից ժամանելուն պես, եւ երկուշաբթի նա պետք է մասնակցեր դատական նիստին:
Union Radio-ն հայտնում է, Սալասարի փաստաբան Յոել Գարսիան հայտարարել է, որ իր հաճախորդը դեպրեսիայի մեջ չէր:
«Նա նորմալ վիճակում էր, նրան չեն ծեծել, նրան շատ են հարցաքննել եւ նրա վրա ճնշում գործադրել, բայց նա այն վիճակում չէր, որ ինքնասպան լիներ,- ասել է Գարսիան: - Ասում են, որ նա ինքնասպան է եղել, բայց մենք երեկ նրա հետ խոսել ենք, եւ նա հանգիստ էր, նրան տարբեր գործողություններ կատարելու մեղադրանք էր առաջադրված, եւ եթե նրա վրա պատասխանատվություն լիներ, նա Նյու Յորքից չէր վերադառնա, որտեղ բնակվում է նրա ընտանիքը»:
Պետության ղեկավարին սպանելու փորձը պայթուցիկի բեռով անօդաչուի օգտագործմամբ իրականացվել էր օգոստոսի 4-ին Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված արարողության ժամանակ նրա ելույթ ունենալու պահին: Վենեսուելայի նախագահը եւ բարձրագույն ղեկավարության անդամները չէին վնասվել: Դրանից կարճ ժամանակ անց Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրել էր «վենեսուելացի ուլտրաաջերին կոլումբիացի ուլտրաաջերի հետ» եւ Խուան Մանուել Սանտոսին, որն այդ ժամանակ Կոլումբիայի նախագահն էր: Այս երկրի ԱԳՆ-ն մեղադրանքներն անհեթեթ էր անվանել:




























