Մեքսիկայի նոր գումարման խորհրդարանի պատգամավորները զրկվել են  բյուջեի հաշվին անվճար արտասահմանյան ուղեւորություններից, այսուհետ պետական գումարները նման դեպքերի համար չեն նախատեսվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ներկա պահին պատգամավորների ուղեւորությունների համար հաստատված միջոցեր չկան, նոր գումարման աշխատանքի մեկնարկից մեզ մոտ ոչ մի թռիչք գրանցված չէ եւ մենք չենք հաստատի նման թռիչքները, մինչեւ չստուգվի թե որ միջազգային կազմակերպություններ են նրանք մեկնում եւ մինչեւ չհաստատվի այնտեղ պատգամավորի ներկայության անհրաժեշտությունը», — հայտարարել է պատգամավորների պալատում մեծամասնություն ունեցող «Մորենա» կուսակցության համակարգող Մարիո Դելգադոն:

Մեքսիկայի Կանաչ Էկոլոգիական կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանում հայտարարել են, որ ամբողջությամբ հրաժարվում են միջազգային ճանապարհորդությունից պետական միջոցների խնայողության ռեժիմի իրականացման համար:

Universal պորտալի գնահատականներով, Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախորդ գումարման անդամները երեք տարվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 641 միջազգային թռիչք, որոնք հարկ վճարողների համար արժեցել են մոտ 56 միլիոն պեսո (մոտ 3 միլիոն դոլար):