Քայլ առ քայլ պետք է գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը եւ փակմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24–ին, խորհրդարանում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ տնտեսության հենասյուներից մեկը խաղային եւ խաղադրույքների ոլորտն է։

«Կապանում կանայք մեզ ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակներն ու խնդրում դրանք փակել՝ նշելով, որ իրենց ամուսիններն աշխատավարձը ստանում են, մտնում են բուքմեյքերական գրասենյակ, հետո գալիս են տուն։ Աղքատության այսպիսի շեմ ունեցող երկրում շատ են խաղադրույքներ անողները։ Կարծում եմ՝ դա նաեւ հուսահատությունից է։ Այս ուղղությամբ մենք հետեւյալ քայլերը պետք է անենք՝ խիստ սահմանափակել գովազդները, էականորեն փոխել հարկային ռեժիմն ու քայլ–քայլ գնալ բուքմեյքերական գրասենյակների սահմանափակմանը ու փակմանը»,– ասաց նա։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ ինքը կողմ է, որ օր սահմանվի ու բուքմեյքերական գրասենյակները փակվեն, սակայն, մասնագետներն ասում են՝ դա վտանգավոր է. «Մասնագետները նշում են, որ անշարժ գույքի շուկայում կարող են ցնցումներ լինել»։