Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ընդգրկվել «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում: Այս նշանակումը կարող է ինչպես քաղաքական ժեստ լինել, այնպես էլ 2000-2010 թվականներին ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի երկարատեւ կարիերայի հետեւանք:
«Կոմերսանտի» աղբյուրները հաղորդել են, որ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը առաջիկայում կարող է «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում ընդգրկվել: Կարապետյանը կարող է անկախ տնօրենի պաշտոնը ստանձնել, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիտ Հրայր Սիմոնյանը՝ «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկի խորհրդականը:
Արդյոք ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում Կարեն Կարապետյանի նշանակումը համապատասխան քաղաքական ազդակ է, թե այն կապված է նրա նախկին բիզնես կարիերայի հետ՝ պարզ չէ:
«Կարապետյանին լավ են ճանաչում Ռուսաստանի բիզնես շրջանակներում, և նա միանգամայն կարող էր նման առաջարկ ստանալ»,- հավելել է հրատարակության զրուցակիցը:
Կարեն Կարապետյանը ռուսական ընկերություններում, մասնավորապես «ՏԷԿ»-ում աշխատանքի հարուստ փորձ ունի:
2011–2012 թվականների նա «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն է եղել, 2012-ից՝ «Գազպրոմ մեժռեգիոնգազ»-ի զարգացման եւ ռազմավարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ, 2015-ին նա դարձել է «Գազպրոմ էներգոհոլդինգի» միջազգային նախագծերի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ:
2000-ականներին Հայաստանում նա գլխավորում էր «Գազպրոմ»-ի «Արմռոսգազպրոմ» կառույցը: «Գազպրոմ»-ից աղբյուրները Կարապետյանին բնորոշել են որպես «շատ եռանդուն, նորարական ոգով, բայց իմպուլսիվ մարդու» եւ նշել, որ նա լավ հարաբերություններ ունի «Գազպրոմ»-ի վարչության անդամ Կիրիլ Սելեզնյովի հետ:
«Զարուբեժնեֆտը» ՌԴ-ում ոլորտի առաջատարների ֆոնին համեմատաբար փոքր նավթային ընկերություն է: 2017 թվականին այն արդյունահանել է 5.3 մլն տոննա նավթային համարժեք, հիմնական ակտիվները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում եւ Վիետնամում: Ընդ որում վեց անձանցից բաղկացած տնօրենների խորհրդում ավանդաբար ընդգրկվում են նախկին խոշոր պաշտոնյաներ: Այսպես, այն գլխավորում է «ՖՍՕ»-ի նախկին ղեկավար Եվգենի Մուրովը, իսկ այս տարի արդեն խորհրդի կազմում ընդգրկվել է տրանսպորտի նախկին նախարար Մաքսիմ Սոկոլովը: «Զարուբեժնեֆտում» անդամները վատ չեն վարձատրվում. 2017 թվականին պարգեւատրումների չափը կազմել է 38,8 մլն ռուբլի:
TopContact-ից Արթուր Շամիլովը կարծում է, որ «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում Կարապետյանին ընդգրկելը պետք է ընկալել որպես երկկողմ համագործակցության զարգացման արժանիքների համար գնահատում:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը փորձելով լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի նոր կառավարության հետ՝ ազդանշան է տալիս հայկական էլիտաներին, որ նրանք չեն մոռանում նախորդ քաղաքական առաջնորդների մասին, նշում է նա: Սա հետեւողական քաղաքականություն է, հավելում է պարոն Շամիլովը, օրինակ բերելով Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում է:



























