Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը սոցցանցում հայտարարություն է տարածել՝ միանալով Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանին կարգի հրավիրելու կոչով մի խումբ անվանի բժիշկների կողմից վարչապետին ուղղված  բաց նամակին

«Առավոտյան լուրերից տեղեկացանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած անընդունելի միջադեպի մասին: Կան համաշխարհային գիտական կոչումներ և պարգևներ, որոնց հոտնկայս ընդունում է համայն մարդկությունը: Նոբելյան 2 մրցանակակիրներ այցելել են Հայաստան և հյուրընկալվել մեր մայր ԲՈՒՀ-ում… Բժշկական համալսարանի կամարների տակ տեղի է ունենում անպատասխանատու մի միջադեպ, որը ոչ մի կերպ չի առնչվում բժշկի անվանը և կոչումին, ստվերում է մեր երկրի հեղինակությունը:

Ցավ ենք ապրում կատարվածի համար, խստորեն դատապարտում ենք և միանում ենք մեր գործընկերների ողջամիտ և արդարացի գնահատականին»,-նշված է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջում: 

Ավելի վաղ, NEWS.am–ը հայտնել էր, որ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը ն իր  գռեհիկ պահվածքով նախօրեին միջադեպ է հրահրել Բժշկական համալսարանում կայացած շրջանավարտների հավաքին, որին մասնակցել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, անվանի բժիշկներ: Ըստ «Հրապարակ» օրաթերթի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում: Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները հոկտեմբերի 24–ին նամակ են գրել վարչապետին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային:

Արսեն Թորոսյանի հովանավորյալը միջադեպ է հրահրել Բժշկական համալսարանում. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին