Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 25-ի իր նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է այլ երկրում միջազգային նմուշի վարորդական իրավունքի վկայական ստացած անձի վկայականը ՀՀ վարորդական վկայականով փոխարինելիս այն չվերցնել անձից:

Հարցը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ նույն անձի՝ մեկից ավելի վարորդական վկայական ունենալու պարագայում կստացվի, որ այնպիսի իրավախախտում կատարելու դեպքում, երբ անձի վարորդական վկայականը վերցվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածի կարգով, եւ եթե գործի քննության արդյունքում նշանակվում է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու ձեւով վարչական տույժ, ապա անձը մյուս գործող վարորդական վկայականով հնարավորություն կունենա անարգել վարել տրանսպորտային միջոցը:

«Ինչ վերաբերում է այլ երկրում վարորդական վկայական ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը վարչական իրավախախտում է, ինչպես նաեւ վերը նշված հրահանգի պահանջները, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ՀՀ տարածքում պարտավոր է տրանսպորտային միջոցը վարել ՀՀ վարորդական վկայականով:

Միաժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 8-ի  «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի 41-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, օտարերկրյա քաղաքացու՝ Վիեննայի 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող են եւ դրանք փոխանակելու անհրաժեշտությունը բացակայում է»,-ընդգծեց Օսիպյանը՝ հավելելով ելնելով ասվածից նպատակահարմար չէ օրինագծի ընդունումը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ անձից վերցված վարորդական իրավունքը ոչ թե խոտանվում է, այլ ի պահ է հանձնվում եւ պահանջի դեպքում վերադարձվում է, փոխարենը վերցնելու իր մոտ եղած վկայականը:

Տրանսպրոտի նախարար Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց, թե եթե ասենք ՀՀ քաղաքացին Գերմանիայում ստացել է վարորդական իրավունք, ինչու ենք պարտադրում, որ նա ունենա նաեւ հայկական վարորդական իրավունք: 

Օսիպյանը պատասխանեց, որ ոչ բոլոր երկրների վարորդական իրավունքներն են համաձայնեցված միջազգային կոնվենցիայով, ուստի այդ երկրների վարորդական իրավունքները Հայաստանում չեն անցնում, պետք է ունենալ հայկականը: