Իտալիայի Ալպերում բառացի իմաստով անհետացել է բանաստեղծների գովերգած Երկնագույն լիճը կամ Lago Azzurro: Անհետացումը հայտնաբերել է լուսանկարիչ Մարկո Պուլզեն (Marco Pugliese), որը որոշել էր այդ գեղատեսիլ վայրում մի քանի լուսանկար անել: Անհետացման մասին նա հայտնել էր Facebook-ի իր էջում՝ համեմատության համար հրապարակելով 2017 եւ 2018 թվականների լուսանկարները: Այժմ լճում գրեթե ջուր չի մնացել, իսկ հատակին կարելի է միայն ցեխի հետքեր նկատել, գրում է ՌԳ-ն:
GreenMe-ն գրում է, որ Lago Azzurro կամ Lago di Motta-ն տեղակայված է Սոնդրիո նահանգում 1853 մ բարձրության վրա եւ սնվում է ստորերկրյա աղբյուրներից: Սովորաբար լիճը ջրով լցվում է գարնանը, որից հետո ձմռնաը մակարդակն աստիճանաբար նվազում է: 2005 եւ 2006 թվականներին լիճն արդեն չորանում էր եւ համարվում էր, որ այն ընդմիշտ անհետացել է: 2007-ի ամռանը արհեստական ջրալցման գործողությունից հետո, լիճը սկսեց նորից բնական ձեւով ջրով լցվել եւ այդ ժամանակվանից մարդու միջամտություն չի պահանջվում: Ինչպես երեւում է, այժմ լիճը նորից պետք է փրկել:


























