Կրասնոդարի երկրամասում հեղեղումների հետեւանքով ուրբաթ առավոտյան ստացված տվյալներով 6 մարդ է զոհվել, հայտնել է Կրասնոդարի երկրամասի քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Կապուստինը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ 6 զոհերի դիերը հայտնաբերվել են Ափշերոնսկի շրջանի տների զննության ժամանակ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 2 զոհերի մասին Տուափսինսկի շրջանում։ Եվս մեկ մարդ համարվում է անհայտ կորած, երկու վիրավոր էլ հոսպիտալացվել են։

Մարդկանց զոհվելու փաստով հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասում հոկտեմբերի 24-ին եւ 25-ին հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղվել են ավելի քան 2 հազար տներ, ավերվել է գլխավոր ճանապարհի կամուրջը, որը Սոչին կապում էր ՌԴ մյուս մարզերի հետ։

Երկաթուղիների վնասման հետեւանքով կանգնեցվել են 30 ուղեւորատար գնացքներ։ Սոչիում, Տուապսինսկի ու Ափշերոնսկի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։