Երեւանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի եւ ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ  ասուլիսը:

Փոխնախարար, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Հակակոռուպցիոն ցանցի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առկա խնդիրները: Խոսելով մի շարք կարեւոր հակակոռուպցիոն բարեփոխումներից՝ Սուրեն Քրմոյանն առանձնացրել է հանրային ծառայության եւ քաղաքացիական ծառայության ոլորտների օրենսդրության մշակումը, Էթիկայի եւ շահերի բախման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ապօրինի հարստացման քրեականացումը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունների հզորացումն ու գործիքակազմի բարելավումը, այն է՝ վարչական եւ քրեական պատասխանատվության սահմանում հայտարարագիր չներկայացնելու, սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու կամ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար, որի գործնական արդյունքն արդեն իսկ հարուցված շուրջ 500 վարչական վարույթներն են:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունմանը եւ գույքի ու եկամուտների հայտարարագրման ինստիտուտի բարելավմանը, ինչի արդյունքում էապես ընդլայնվել է հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը՝ 750-ից հասնելով շուրջ 3400-ի: 

Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում որպես էական հանգամանք նշել է նաեւ հայաստանյան քաղաքական նոր իրողություններով պայմանավորված հանրային լայն վստահությունն ու աջակցությունը հակակառուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանին ներկայացված 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:

Ռուսուդան Միխելիձեն բարձր է գնահատել Հայաստանի գործադրած ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ գնահատելով դրանք գերազանց: Միխելիձեի խոսքով՝ դեռեւս այս տարվա մայիսից 10 փորձագետներից կազմված խմբով աշխատել են ներկայացված զեկույցի վրա եւ արդյունքը գոհացուցիչ է, քանի որ Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում էականորեն բարելավել է հակակոռուպցիոն ներազդման իր ցուցանիշը: Որպես հիմանական գործոն՝ ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչը նշել է նոր հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը, որը, նրա խոսքով, համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ քաղհասարակության ընդգրկվածությունն իրավական ակտերի մշակման եւ ընդունման գործընթացում: Ամփոփելով խոսքը՝ Ռուսուդան Միխելիձեն վստահություն է հայտնել, որ ներկայացվող զեկույցում զետեղված նոր առաջարկ-հանձնարարականները եւս ուղեցույց կլինեն Հայաստանի համար առաջիկա 3 տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նոր նշաձող սահմանելու համար:

Այնուհետեւ, հաջորդել է զեկույցի ներկայացումը, որին մասնակցել են պետական եւ հասարակական հատվածի շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչներ: