Բաքվում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի թարգմանչի սխալի պատճառով ռուբլու փոխարժեքը սկսել է բարձրանալ:
«Էխո Մոսկվին», վկայակոչելով «Ինտերֆաքսին», հաղորդել էր, որ թարգմանիչը փաստացի փոխել է Ջոն Բոլթոնի՝ հակառուսական պատժամիջոցների մասին արտահայտած մտքի իմաստը:
Ջոն Բոլթոնն ասել էր, որ Միացյալ Նահանգները շարունակում են ուսումնասիրել այն գործողությունները, որոնք կարող են կիրառել միջուկային զենքի օգտագործման մասին օրենքի համաձայն: Միեւնույն ժամանակ, նա ավելացրել էր, որ չի կարող ասել, թե երբ որոշում կկայացվի՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո: Սակայն, հայտարարությունը թարգմանվել էր հետեւյալ կերպ.
«ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառում չի դիտարկում»: Խոսքը մեջբերել է Finanz կայքը: Սխալ թարգմանությամբ Բոլթոնի հայտարարությունը ներկայացրել են «Ինտերֆաքսը», այլ ռուսական լրատվական գործակալություններ եւ մի շարք այլ լրատվամիջոցներ: Շուկաներն անմիջապես արձագանքել են այս լուրերին:
Ռուբլին համարյա 70 կոպեկով բարձրացել է:
Դոլարի փոխարժեքը գրեթե թարմացրել է օգոստոսի նվազագույն ցուցանիշը՝ 65 ռուբլի նիշից իջնելով: Եվրոյի փոխարժեքը նույնպես զգալիորեն նվազել է` 74 ռուբլուց ցածր: Միեւնույն ժամանակ, «Սբերբանկի» բաժնետոմսերը աճել են 4 տոկոսով, իսկ ՎՏԲ-ինը` 2 տոկոսով:
Ավելի ուշ դոլարը վերականգնել է իր դիրքերը եւ ռուբլու փոխարժեքը նորից նվազել է:



























