Իրավապահները շարունակում են փնտրել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից հայտնեցին, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում իրականցվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաեւ շարունակում են ձեռնարկվել օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ մեղադրյալ Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու եւ վարույթն իրականանցող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ԱԱԾ–ն հրաժարվել է պատասխանել գործի վերաբերյալ այլ հարցերի՝ «քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21–ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփոխ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Նարեկ Սարգսյանը շուտով կլինի իրենց տեսադաշտում։
«Նարեկ Սարգսյանը միջազգային հետախուզման մեջ է գտնվում։ Մենք համագործակցում ենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ. կարծես թե մեր տեսադաշտում շուտով կլինի»,- հայտարարել էր ոստիկանապետը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:
Նա մեղադրվում է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելու եղանակով խաբեությամբ նկարներ հափշտակելու մեջ։
Նարեկ Սարգսյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ մարդ առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
Գիշեր




























