1991 թվականից ստրկավաճառության ինդուստրիայի զոհերն են դարձել մոտ 230 հազար ուկրաինացիներ, հայտնում է Deutsche Welle պարբերականը, որը ներկայացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության վիճակագրությունը:

Ստրկությունը ժամանակակից պատկերացմամբ ոչ միայն մարդկանց առեւտուրն է, որն, օրինակ, ենթադրում է ինտիմ շահագործում, այլեւ հարկադիր աշխատանքը, անչափահասների շահագործումը, հարկադիր ամուսնությունը, պարտքային կախվածությունը եւ այլն:

«Հիմա իրավիճակն այնքան է փոխվել, որ ուկրաինացիներն ավելի հաճախ են հայտնվում աշխատանքային ստրկության մեջ, այսինքն՝ եթե նախկինում տուժում էին հիմնականում կանայք, որոնց մարմնավաճառության էին հարկադրում, ապա հիմա ստրկության մեջ են հայտնվում նաեւ տղամարդիկ, որոնց ընտրելիս մի աշխատանք են խոստանում, իսկ գործնականում ստիպում են զբաղվել միանգամայն այլ աշխատանքով»,- ասում է «Լա ստրադա-Ուկրաինա» հասարակական կազմակերպության ղեկավար Տատյանա Չերեպախան:

Ուկրաինացիներին խոստանում են Եվրոպայում լավ եւ բարձր վարձատրվող աշխատանք, իսկ հետո ստիպում են զբաղվել ինչ-որ անօրինական բանով, օրինակ՝ դա կարող է լինել թմրանյութերի տարածումը, ինչպես նաեւ հակաօրինական գործունեության այլ տեսակները:

«Ուկրաինացիները ստրկության մեջ են հայտնվում նույնիսկ այն դեպքերում, երբ ակնհայտորեն գիտակցում են մարդկանց վաճառքի զոհը դառնալու հավանականությունը: Մեր քաղաքացիներն ուղղակի փախչելու տեղ չունեն՝ կասկածելի առաջարկներին նրանց ստիպում է համաձայնվել Ուկրաինայում ստեղծված ծանր տնտեսական վիճակը»,- նշում է Չերեպախան: