Ալբերտ Ավդոլյանի եւ Էլդար Օսմանովի զավակների դարի հարսանիքն ավարտվել է ապահարզանով: Հոկտեմբերի 17-ից Գասպար Ավդոլյանը եւ Լոլիտա Օսմանովան այլեւս ամուսիններ չեն, հայտնում է Московский монитор-ը:
«Սակայն կարեւորն այլ բան է՝ ամբողջությամբ բաժանվել են ոսկե երեխաների ծնողների ճանապարհները: Ո՛չ զգացումներ կան, ո՛չ ընդհանուր բիզնես շահերի անգամ ակնարկներ»,- նշված է հոդվածում:
2017 թվականի ամռանը դարի հարսանիք էին անվանել ձեռնարկատեր Ալբերտ Ավդոլյանի որդու (Գասպարի) եւ բիզնեսմեն Էլդար Օսմանովի դստեր (Լոլիտայի) ամուսնությունը:
Հարսանիքի ընդհանուր բյուջեն կազմել է 20-25 մլն դոլար, իսկ հարսանյաց հանդեսն անցկացվել է Լոս Անջելեսի Dolby Theatre-ում, որտեղ ամեն տարի անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Հարսանիքը վարողներն էին Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը, իսկ ելույթ են ունեցել, ոչ ավելի, ոչ պակաս, Լեդի Գագան եւ The Weekend-ը (չհաշված Լոբոդային, Բասկովին եւ Ստաս Միխայլովին): Հյուրերը Նահանգներ են ժամանել private jets-ով: Ամեն ինչի համար վճարել են ծնողները:
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գասպարը եւ Լոլիտան բաժանվել են, եւ սա կարելի է սենսացիա անվանել, սակայն բաժանվելու պատճառներն առավել հետաքրքիր են բիզնեսի տեսակետից: Հիմա երկու ընտանիքներին ոչ մի բան չի կապում, եւ հավանաբար, Ալբերտ ու Գասպար Սվդոլյանները այլեւս երբեք չեն ցանկանա Օսմանով ազգանունը լսել:
Եթե Ավդոլյան ավագը հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ներդրող է եւ ընդգրկված է Forbes-ի ցուցակում (800 մլն դոլար կարողությամբ), ապա Օսմանովի կարողության մասին պաշտոնապես ոչ մի բան հայտնի չէ: Փոխարենը հայտնի է բիզնեսի մասին՝ նա «Մեժռեգիոնսոյուզէներգո» էներգիայի իրացման հոլդինգի համասեփականատերն է, որը Ռուսաստանի խոշորագույն էներգիա իրացնողներից մեկն է եւ իր մեջ է ներառում «Չելյաբէներգոսբիտ», «Արխէներգոսբիտ» ԲԸ-երը, «Վոլգոդաէներգոսբիտ» ԲԲԸ-ն, «Խակասէներգոսբիտ» ԲԸ-ն, «Ռոսկոմունէներգո» ԲԸ-ն, ինչպես նաեւ «Մոսուրալբանկ» ԲԸ-ն:
Նշվում է, որ 2017 թվականի հուլիսի վերջին նոր ձեռք բերած ազգականին «օգնության» շրջանակում Ավդոլյանի կառույցների կողմից հատկացվել է վարկային ֆինանսավորման առաջին տրանշը: Հաշվի առնելով Խմբի լուրջ ֆինանսական դժվարությունները՝ օգոստոս-հոկտեմբերին հատկացվել են նոր տրանշներ՝ ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 6 մլրդ ռուբլու վարկ: Ավելին՝ Ա. Ավդոլյանն իր գործընկերներից մեկի հետ քննարկել է «Մեժռեգիոնսոյուզէներգո»-ի ընկերություններում բաժնեմաս ձեռք բերելու հնարավորությունը, եւ Օսմանովի հետ բանակցություններ են վարել:
«Ստուգումը ցույց է տվել, որ այս պատմությունից անհրաժեշտ է արագ «հեռու փախչել»: Որովհետեւ պարզվել է՝
– «Մեժռեգիոնսոյուզէներգո»-ի բացասական զուտ ակտիվները կազմել են միլիարդավոր ռուբլի
– վերջին 3 տարիներին ակնհայտ էր հաշվետվություններում ֆինանսական արդյունքների խեղաթյուրումը. ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում էին կարգավորողներին եւ վարկավորած բանկերին
– այնուհետեւ առավել վատթարն էր՝ «Ռոսսետի» ԲԲԸ-ի մեջ մտնող ցանցային ընկերություններին ունեցած պարտքի զգալի մասի չարտացոլում
– կեղծ շահավետ գործարքների արտացոլում
– ֆինանսական ներդրումների արժեքի ուռճացում
– ավելի քան 6 մլրդ ռուբլի գումարի ակտիվների առաջնային փաստաթղթավորման բացակայություն:
Ընդհանուր առմամբ, սա արդեն պարզապես պատշաճության սահմաններից դուրս է: Բայց ինչպես վարվել նորաթուխ ազգականների հետ: Որեւէ գործարքի մասին խոսք իսկ լինել չէր կարող: Ավելին՝ հասկանալի է դառնում, որ որպես օգնություն փոխ առած 6 մլրդ-ը նուրբ, բայց այդ պատճառով է՛լ ավելի կեղտոտ մեքենայություն էր (ազգակցական հարաբերությունների քողարկմամբ):
Այն, որ «Մեժռեգիոնսոյուզէներգո»-ն «հատակն» է սուզվում, եւ Ավդոլյան ավագի փողերը իրավիճակը չեն փրկի՝ հասկանալի է դառնում արդեն 2018 թվականի մարտին, երբ Էներգետիկայի նախարարությունը պարտքերի պատճառով «Մեժռեգիոնսոյուզէներգո»-ին զրկում է երաշխավորված մատակարարի կարգավիճակից իր մարզերում՝ Վոլոգդայի, Սվերդլովսկի եւ Խակասիայում: Ըստ էության, «Մեժռեգիոնսոյուզէներգո»-ն զրկվել է առանցքային տարածաշրջաններում բիզնես վարելու իրավունքից: «Արխէներգոսբիտ»-ում նույն բանն ավելի վաղ էր տեղի ունեցել՝ 2018 թվականի հունվարին»,- նշում է հոդվածի հեղինակ Ալեքսանդր Սեդունովը:




























