Փիթսբուրգում (ԱՄՆ) սինագոգի վրա հարձակվելու մեջ կասկածվող Ռոբ Բաուերին 29 կետով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում տեղադրված հայտարարությունը։ Սինագոգում կրակահերթի հետեւանքով 11 մարդ է զոհվել

Ավելի վաղ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել էր, որ կասկածյալին կառաջադրվի հանցագործությունների մեղադրանք, որոնց համար նրան մահապատիժ է սպառնում։ Բաուերին բռնության եւ հրազենի օգտագործման հետ կապված հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքը հիմնված է քաղաքացիական իրավունքների դաշնային օրենքների վրա, որով արգելվում է օրենքի խախտումը ատելության հողի վրա։

Սինագոգի վրա հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան, երբ այնտեղ անցորդներ են հավաքվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը մտել է շենք եւ հակասեմիթական կարգախոսներ բացականչելով՝ սկսել է կրակել։ Երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, կրակահերթ է սկսվել, որի հետեւանքով 11 մարդ է զոհվել, 6 հոգի էլ, այդ թվում՝ 4 ոստիկան վիրավորվել են։

Հարձակվողը հանձնվել է իրավապահ մարմիններին, պարզվել է նրա ինքնությունը՝ 48-ամյա Ռոբ Բաուեր, որին հոսպիտալացրել են։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բաուերի էջերը առցանց տիրույթում մատնանշում են, որ վերջինս նացիստների ու Ադոլֆ Հիտլերի հետեւորդ է։

Բացի այդ, նշվում է, որ կասկածյալը ատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ կարծում է, որ նախագահը հրեաների վերահսկողության տակ է գտնվում։

Ինքը՝ նախագահ Թրամփը, դեպքից հետո հայտարարել է, որ պետք է խստացնել մահապատժի մասին օրենքները եւ ողբերգության հետ կապված խոստացել է այց կատարել քաղաք։