Հայաստանը մաս է կազմում GSP+ ռեժիմին, ինչը նշանակում է, որ ավելի քան 6000 հայկական ապրանք կարող է Եվրոպա արտահանել առանց մաքսատուրքի, սակայն այդ փաստը չի լուծում նրա մնացած խնդիրները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մասնավորապես կուզեի խոսել սերտիֆիկացման կամ հավաստագրերի պահանջների, սննդի որակի եւ անվտանգության պահանջների մասին: Իհարկե, մենք հասկանում ենք, որ պահանջները բավականին խիստ են, որ հատկապես օրգանական գյուղմթերքի համար այդ պահանջներն ավելի խիստ են, քան սովորական ապրանքների համար, բայց մենք հանձն ենք առել աջակցել այս գործընթացին, եւ օգնելու ենք հայ արտադրողներին անցնել այն»,-ասաց Սվիտալսկին:
Նա նկատեց, որ եվրոպական շուկան գրավիչ է, հետեւաբար այնտեղ մրցակցությունը սուր է. «Դուք պետք է ձեր ապրանքը լավ գովազդեք, բրենդ ստեղծեք Եվրոպայում: Ես հավատում եմ, որ հայկական ապրանքները շատ հաջողակ կլինեն, այդ թվում նաեւ գինիները: Մենք օգնում ենք հայ ֆերմերներին մուտք գործել այդ շուկաներ: Օրինակ՝ մենք օգնել ենք, որ հայկական գյուղմթերքը մուտք գործի Արաբական ծովածոցի երկրներ: բացի այդ, դուք ունեք ԵՏՄ շուկան, եւ ԵՄ-ն կօգնի հայ ֆերմերներին, որ այնտեղ եւս հաջողակ լինեն»,- ասաց ԵՄ դեսպանը:
ԵՄ դեսպանը նաեւ նշեց, որ հայկական ապրանքները Եվրոպայում տեսնելու իր ձգտման հիմքում ընկած է անձնական մոտիվացիան. «Մյուս տարի ես ավարտելու եմ իմ առաքելությունը այստեղ, վերադառնալու եմ Լեհաստան: Ես չեմ ցանկանա իմ ժամանակը ծախսել հայկական գինի, պանիր գտնելու վրա: Կցանկանայի, որ այդ ապրանքները ես գտնեի խանութներում: Այնքան մեծ կախվածություն ունեմ հայկական ապրանքներից, որ կցանկանայի, որ իմ վայրէջքը փափուկ լիներ: Ես չեմ թաքցնում, ես իրոք հետաքրքրված եմ, որ հայկական ապրանքները, գինիները կարողանան մուտք գործել եւ հաջողակ լինել եվրոպական շուկաներում»,- ասաց Սվիտալսկին:



























