ՀՀ առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանը կրկին անդրադարձել է այսպես կոչված, «խոպանչիներին» հարկելու մասին գաղափարին:

Այս առնչությամբ, Արարատ Միրզոյանը իր Facebook-ի էջում  գրել է.

«Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ:

Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարեւորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի։

Լավ եղեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

Այս առնչությամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուր»-ին ասել է. «Այո, այդ գումարը, որը մարդը արտագնա աշխատանքի ժամանակ վաստակել է, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը եւ ապա հարկենք մեր օրենքով»: