Երեւանի ավագանու ընտրություններից առաջ՝ սեպտեմբերի սկզբին, տեղի է ունեցել խորհրդակցություն ՊՈԱԿ-ների տնօրենների հետ, ու հիշեցվել են այն օրենքները, որոնք նրանք՝ որպես մշակութային հաստատությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, պետք է պահպանեն: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին ուղղված ֆեյսբուքյան զգուշացմանը:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի կեսերին Լիլիթ Մակունցը գրառում էր կատարել, որտեղ նշել էր. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը եւ պահանջում խստագույնս հետեւել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ները»:

Լրագրողների հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ր ոչ թե ֆեյբուքյան էջի միջոցով անել դա, այլ ըստ ընթացակարգի այդ մասին տեղեկացնել տնօրենին, Մակունցն արձագանքեց. «Երբ ես նշված օրը ահազանգ ստացա, որ նման դեպքեր են տեղի ունենում, շատ մտահոգվեցի եւ նպատակահարմար համարեցի անմիջապես դրա մասին միայն հրապարակային գրառում անել: Պարոն Օրբելյանի հետ այդ թեմայով մենք խոսել ենք առավոտյան 8:30-ին, ու կարծում եմ, դա արդեն փակված է»: