Տվերի մարզի Կոնակովսկու շրջանում Հայաստանի քաղաքացին գնդակահարել է տաքսիստի: Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ տարածաշրջանային քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Վալերիա Պավլովան, հայտնում է «АиФ»-ը:
Քննության տեղեկություններով՝ 2017 թվականի հուլիսին Մոսկվայի 25-ամյա բնակիչը (Հայաստանի քաղաքացի) էլեկտրական գնացքով եկել է Կոնակովսկու շրջանի Զավիդովո կայարան, որտեղ մասնավոր փոխադրողի տաքսի է նստել: Ուղեւորության ժամանակ վարորդը եւ մեղադրյալը վիճել են: Այդ ժամանակ մոսկվացին տրավմատիկ ատրճանակով կրակել է 55-ամյա տղամարդու գլխին, իսկ մարմինը մեքենայից դուրս է նետել:
Չարագործն այնուհետեւ ցանկացել է տաքսիստի մեքենայով փախչել, սակայն այն չի կարողացել կառավարել եւ ճամփեզրի առվակն է ընկել: Նա անտառ է փախել, որից հետո Մոսկվայում մշտապես բնակության վայրը փոխել է:
Տաքսիստի դին հայտնաբերվել է նույն օրը երեկոյան՝ Արխանգելսկ գյուղից 300 մետր հեռավորությամբ:
«Տղամարդու սպանությունը մեկ տարուց ավելի չբացահայտված էր, սակայն քննչական եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքները չէին դադարեցվում: 2018 թվականի նոյեմբերի 21-ի գիշերը Մոսկվայում հաջողվել է սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել եւ ձերբակալել»,- ասել է Վալերիա Պավլովան:
Հային մեղադրանք է՝ առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ՝ «Սպանություն», 166-րդ՝ «Առանց առեւանգման նպատակի ավտոմեքենային կամ այլ տրանսպորտային միջոցին տիրանալ», 119-րդ՝ «Սպանության սպառնալիք կամ առողջությանը ծանր վնասի պատճառում»:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:




























