Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն անմտածված քայլեր չի կատարի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի հարցով (ՄՓՀՀՊ): Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի սպառազինությունների չտարածման եւ վերահսկման բաժնի տնօրեն Վլադիմիր Երմակովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կատարել ՄՓՀՀՊ-ն, երբ Մոսկվան այն խախտում է եւ դուրս կգա պայմանագրից:
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում անմտածված քայլեր չի կատարի: Եվ որ վերջնական արդյունքում նրանք սթափ կմոտենան աշխարհում իրական իրավիճակի գնահատմանը: Բայց մենք իհարկե իրադարձությունների ցանկացած զարգացման համար լուծումներ ունենք…Իսկ նա, ով չի ցանկանում լսել, թե ինչպես է այս ամենը մանրամասն պատմում Սերգեյ Լավրովը, ստիպված կլինի լսել, թե ինչ կբացատրի իրենց Սերգեյ Շոյգուն (ՌԴ պաշտպանության նախարար)», — ասել է նա:
Միացյալ Նահանգների նախագահը նախկինում մեկնաբանելով ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մասին տեղեկությունը, ասել էր, որ Վաշինգթոնը նաեւ սպառազինություններ կզարգացնի: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է ավելի մանրամասն բացատրություն ստանալ ԱՄՆ-ից եւ հավելել, որ ՄՓՀՀՊ-ի պայմանագրի դրույթների խախտումը կստիպի Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել իր անվտանգության ապահովման համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այս ոլորտում ցանկացած գործողություն հակազդեցության կարժանանա:





























