Կենտրոնական բանկի հետ պայմանավորվել ենք, որ լուծումներ կտրվեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի շահառուների բողոքին, որոնց համար ծրագրի պայմանների փոփոխության արդյունքում մատչելի բնակարաններ անմատչելի են դարձել:

«Կառավարության որոշում է նախապատրաստվում: Ես հույս ունեմ, որ կառավարության եւ ԿԲ-ի հետ կաշխատեն, որ այդ լուծումները լինեն»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի էր ունեցել հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կողմերը ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Կենտրոնական բանկը ներկայացրել էր հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը: ԿԲ-ի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որեւէ հանձնառություն չունի եւ չի ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի շահառուները բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից, որի հետեւանքով շատերի համար մատչելի բնակարաններ անմատչելի են դարձել:

Բանն այն է, որ «Վերածնունդ» ավանը պետք է կառուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում: Այդ թաղամասում բնակարան ձեռք բերելու համար դեռեւս 1․5 տարի առաջվանից հերթագրվել են տարբեր բնագավառների շուրջ 1050 մասնագետներ, սակայն հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ, ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակում: Այսինքն ծրագիրը փոխվում է եւ 1,5 տարի սպասող շահառուներից շատերը դուրս են մնում ծրագրից, քանի որ առաջարկվող ծրագրի չափանիշներին չեն համապատասխանում, նաեւ առաջարկվող պայմաններն են տարբեր:

Պարզվում է, որ Կենտրոնական բանկը հրաժարվել է վերաֆինանսավորել «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագիրը:

ԿԲ-ն լվանո՞ւմ է ձեռքերը. «Վերածնունդ» ծրագրով որեւէ հանձնառություն չունենք, չենք էլ ունեցել»